Տիգրան մեծի մասին

 

Աշխարհում Տիգրան Մեծին նվիրված ավելի շատ օպերա է գրվել, քան մեկ այլ գահակալի: Եվրոպայի կոմպոզիտորները Տիգրան Մեծին նվիրել են 24 օպերա, բացի այդ, 17 օպերա նվիրված է Միհրդատ Եվպատորին, որոնց մեջ Տիգրանը գլխավոր հերոսներից է:Հայ կոմպոզիտորներից Տիգրան Մեծին անդրադարձել է միայն Տիգրան Չուխաջյանը: Տիգրան Մեծ արքան (մ.թ.ա. 95-55), հայոց ամենասիրելի, ամենափառաբանված հերոսներից է: Նրա անվան հետ են կապված հայոց փառքը, հայոց աշխարհակալության ծնունդը: Տիգրան Երկրորդի հայրը` հայոց թագավոր Տիգրան Առաջինը (մ.թ.ա. 115-95), իր գահակալության սկզբում բախվեց հզոր պարթևական թագավորությանը, պարտվեց և ստիպված եղավ իր ավագ որդուն` Տիգրանին պատանդ ուղարկել պարթևաց արքունիք: Տիգրան արքայազնի կյանքի այդ շրջանի մասին քիչ բան է հայտնի. միայն այն, որ նա իր պատանդության մեջ ամուսնացել էր պարթևաց արքայադուստրերից մեկի հետ: Ունե՞ր նրանից զավակներ` հայտնի չէ: Մ.թ.ա. 95 թ. մահանում է Տիգրան Ա արքան: Նրա զավակներից Գուրասը Հայաստանում էր, սակայն ավագության կարգով գահը հասնում էր պատանդ Տիգրանին: Եվ հայոց ավագանին, պարթևական թագավոր Միհրդատ Երկրորդին զիջելով հայոց Յոթանասուն հովիտներ երկրամասը, արքայազն Տիգրանին ազատեց գերությունից ու բազմեցրեց հայոց գահին: Թվում էր` պարթևների համար հայոց գահի լավագույն թեկնածուն հենց Տիգրան Երկրորդն է, քանզի մեծացել էր պարթևական արքունիքում, յուրացրել նրանց բարքերը, ամուսնացել պարթև արքայադստեր հետ, և հետևաբար, Հայաստանը պիտի գտնվեր պարթևների գերիշխանության տակ: Սակայն պարթևների հաշվարկները սխալ էին: Ժառանգելով հայոց գահը 45 տարեկանում` Տիգրանն արագորեն վերակազմավորեց հայոց բանակը և ձեռնամուխ եղավ հայոց հեղինակության վերականգնմանն ու պետության հզորացմանը: Նա սկսեց այնտեղից, որտեղ կանգ էր առել իր պապը` Արտաշես Ա Բարեպաշտ արքան (մ.թ.ա. 189-160): Տիգրանի զորքերը արագ երթով մտան Ծոփքի թագավորություն, գրավեցին հայոց այդ հնամենի երկրամասը, գլխատեցին Արտանես արքային ու միացրին Մեծ Հայքի թագավորությանը: Միաժամանակ հայոց երկրի հյուսիսում հզորանում էր Պոնտոսի թագավորությունը: Նրա հանճարեղ գահակալ Միհրդատ Զ Եվպատորը (մ.թ.ա. 111-63), որ Հռոմի ոխերիմ թշնամին էր, լինելով հմուտ զորավար ու դիվանագետ, անմիջապես հասկացավ Տիգրանի հավակնություններն ու ուժը և նրան դաշինք առաջարկեց: Մ.թ.ա. 94 թ. կնքվեց հայ-պոնտական դաշինքը, որով երկու թագավորները միմյանց միջև բաժանեցին ապագա նվաճումների տարածքները: Դաշինքն ամրապնդելու համար Տիգրան Բ կնության առավ Միհրդատի երիտասարդ, գեղանի դստերը` Կլեոպատրային: Հաջորդ տարին` մ.թ.ա. 93 թ., Տիգրան Բ-ի բանակը մտնում է Կապադովկիա: Սրանով, փաստորեն, Տիգրան արքան պատերազմ հայտարարեց Հռոմին: Նա գահազրկեց Արիոբարզան Ա արքային, նրա տեղը գահ բարձրացրեց Գորդեոսին և հարուստ ավարով ու գերիներով վերադարձավ Հայաստան: Սակայն Հռոմը Տիգրանի դեմ ուղարկեց անվանի զորավար Լուցիուս Կոռնելիուս Սուլլային, որը վերականգնեց իրերի նախկին վիճակը: Մի քանի տարի անց Պարթևստանում վախճանվում է Միհրդատ Բ արքան: Պարթևաց երկրում ծայր են առնում երկպառակտչական պատերազմները: Առիթից չի հապաղում օգտվել Տիգրան Բ-ն: Մ.թ.ա. 87 թ. հայոց երկնակամարում փայլում է Հալլեի գիսաստղը: Դա հաջողակ նշան է համարվում Տիգրանի համար, նա պատերազմ է հայտարարում Պարթևստանին ու նվաճում այդ հզոր երկիրը: Տիգրանը ոչ միայն ազատագրում է պարթևաց պետության տարածքում գտնվող հայոց երկրամասերը, այլև հարկատու է դարձնում պարթևական հզոր թագավորությանն ու պարթև Արշակունիներից խլում արքայից-արքա տիտղոսը: Սրանով Տիգրան Մեծի պետությունը դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն տերությունը: Նա իր սրին է ենթարկում նաև Միկդոնիան, Օսրոենեն, Ատրպատականը, Ադիաբենեն, Կորդուքը… Տիգրանը Մեծ Հայքին է միացնում նաև Հյուսիսային Միջագետքն ու նրա կենտրոն Մծբինում կառավարիչ նշանակում իր կրտսեր եղբայր Գուրասին:

Это слайд-шоу требует JavaScript.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s