Ուսումնական տարվա ընթացքում «Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակում աշխատել եմ սովորողների հետ՝ կազմակերպելով կավագործության և պլաստիլինով ստեղծագործական աշխատանքներ։ Դասերի ընթացքում երեխաները հնարավորություն են ունեցել զարգացնելու իրենց երևակայությունը, ստեղծագործական մտածողությունը, ինքնուրույնությունը, ինչպես նաև ձեռք բերելու նոր գործնական հմտություններ։
Տարվա ընթացքում սովորողները ստեղծել են սեփական կերպարներ, կազմել դրանց մասին պատմություններ և նկարագրություններ, կատարել էսքիզավորումներ և իրենց գաղափարները վերածել իրական աշխատանքների։ Նրանք պատրաստել են հեքիաթների և խաղերի հերոսներ, փոքրիկ հրեշիկներ, տարբեր առարկաներ և ազատ թեմայով ստեղծագործություններ։ Այս աշխատանքները նպաստել են նրանց երևակայության, գեղագիտական ճաշակի և ստեղծագործական մտածողության զարգացմանը։
Կավագործական աշխատանքների ընթացքում սովորողները ծանոթացել են կավի հետ աշխատանքի հիմնական սկզբունքներին, պատրաստել են բաժակներ, ամաններ և այլ կավե աշխատանքներ։ Նրանք աշխատել են նաև չարխով՝ աստիճանաբար յուրացնելով կավը ճիշտ կենտրոնացնելու և ձևավորելու հմտությունները։ Չնայած սկզբնական դժվարություններին՝ սովորողները կարողացել են հաղթահարել դրանք և ստեղծել իրենց պատկերացրած աշխատանքները՝ ձեռք բերելով նոր փորձ և վստահություն սեփական կարողությունների նկատմամբ։
Դասերի ընթացքում իրականացվել են նաև համատեղ ստեղծագործական նախագծեր, որոնցից մեկը պլաստիլինից պատրաստված օդանավակայանի մանրակերտն էր։ Աշխատելով դրա վրա՝ սովորողները զարգացրել են համագործակցության, պատասխանատվության, համբերատարության և մանրուքների նկատմամբ ուշադրության հմտությունները։
Տարվա ընթացքում երեխաները ոչ միայն սովորել են աշխատել տարբեր նյութերով, այլև զարգացրել են իրենց ձեռքի ճկունությունը, ձևի ընկալումը, ստեղծագործական մոտեցումները և խնդիրների լուծման կարողությունները։ Յուրաքանչյուր աշխատանք նրանց հնարավորություն է տվել արտահայտելու սեփական գաղափարները և բացահայտելու իրենց ներուժը։
Այս նախագիծը կարևոր փորձառություն էր նաև ինձ համար։ Սովորողների հետ աշխատելու ընթացքում ձեռք բերեցի նոր մանկավարժական փորձ, զարգացրի հաղորդակցման և կազմակերպչական հմտություններս, ինչպես նաև ավելի լավ ճանաչեցի երեխաների հետ աշխատանքի առանձնահատկությունները։
Շնորհակալություն եմ հայտնում կրթահամալիրին այսպիսի հնարավորություն ընձեռելու համար։ Այս նախագիծը մեծապես նպաստեց իմ մասնագիտական կողմնորոշմանը և օգնեց հասկանալ, որ ցանկանում եմ իմ հետագա գործունեությունը շարունակել երեխաների հետ աշխատելու ոլորտում։ Ստացած փորձն ու ձեռք բերած գիտելիքները կարևոր հիմք կդառնան իմ ապագա մասնագիտական ճանապարհի համար։

















































